Ադրբեջանական գյուղերից մեկի բնակիչները պարբերաբար բռնաբարել են 9-ամյա մի տղայի։ Ինչպես հայտնում է haqqin.az-ը, ողբերգությունը տեղի է ունեցել Բեյլագանի շրջանում։ Երեխան պարբերաբար սեռական բռնության է ենթարկվել Շահսեւան 1 գյուղի բնակիչների կողմից, ընդ որում՝ մեկ անգամ եղել է խմբակային բռնաբարության դեպք։
Ներկայումս երեխան հոգեկան եւ ֆիզիկական շեղումներով տեղակայվել է Ադրբեջանի երեխաների միությանը կից վերաինտեգրման կենտրոնում։ Գործով ձերբակալվել են Շահսեւան 1 գյուղի 2 բնակիչ՝ Չ. Քերիմլին եւ Ի. Իբրահիմովը։ Քննությունն ապացուցել է նրանց մասնակցությունը 9-ամյա Մ.-ի նկատմամբ բազմակի սեռական գործողություններին։
Գործի նյութերից պարզ է դառնում, որ ոստիկանություն է դիմել երեխայի խորթ հայրը՝ Ֆ. Մամեդովը, ինչը եւ քրեական գործ հարուցելու պատճառ է դարձել։ Մինչեւ 2014թ. հունվարը Մ.-ն ծնողների հետ ապրում էր ՌԴ Բելգորոդի մարզում։ Երեխայի խորթ հայրը՝ Ֆ. Մամեդովը, պնդում է, որ ինքը երեխայի կենսաբանական հայրն է։ Նրա խոսքով՝ 2004թ. վերջին ինքը մեկնել էր Յակուտիա արտագնա աշխատանքի։ Նրա քաղաքացիական կինը՝ Նադեժդան, մնացել է Բելգորոդի մարզում, որտեղ մի քանի ամիս անց ծննդաբերել էր։ Որպեսզի երեխան չմնա առանց փաստաթղթերի, Նադեժդայի ծանոթը տվել էր իր ազգանունը։ Մի քանի տարի անց Մամեդովը վերադարձել էր Նադեժդայի մոտ, իսկ 2014թ. հունվարին նրանք տեղափոխվել էին Ադրբեջան։
Այն մասին, որ տղային բռնաբարել են, Մամեդովն իմացել էր 2014թ. սեպտեմբերին, երբ երեխային գտել էր Բեյլագանի բամբակի գործարանի մոտ։ Տղան երկար ժամանակ չէր պատմում, թե ինչ է եղել իր հետ, սակայն ի վերջո խոստովանել էր։
Ձերբակալված տղամարդկանց մեղադրանք է ներկայացվել 14 տարեկանը չլրացած անձի նկատմամբ բռնի սեռական գործողություններ իրականացնելու հոդվածով։ Նրանց սպառնում է 8-15 տարվա ազատազրկում։



























