Հայաստանում գերակա խնդիրներից մեկը պետք է լինի քաղաքական կուսակցությունների կայացումը, պետք է բացառել «մարդ-կուսակցության» գոյությունը: Այս մասին դեկտեմբերի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հանրապետական խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը:

Պատգամավորը հիշեցրել է, որ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն հայտարարել է հանրաքվեի արդյունքների մասին, ու սկսվում է տիտանական աշխատանքի կատարման լրջագույն փուլը: «Այսինքն պետք է պատրաստվել կառավարման մոդելի փոփոխությանը, ինչը կկատարվի 2017 թ. խորհրդարանական ընտրություններից հետո »,- շեշտեց Վարդան Այվազյանը: Հիմնական կարեւոր գործառույթն այստեղ, ըստ պատգամավորի, քաղաքական կուսակցություններն են իրականացնում: «Ակտիվ քաղաքական գործունեություն է անհրաժեշտ, որպեսզի մեր երկրում խնդիրները միասնական ձեւով լուծելու հնարավորություն լինի»,- հավելել է Վարդան Այվազյանը:

Հիշեցնենք, որ սույն թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայացել է սահմանադրական բարեփոխումների հանրա քվեն: Սահմանադրության փոփոխությունների նախագիծը նախատեսում է անցում կառավարման խորհրդարանական ձեւին: