2015թ.ընթացքում Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 68-70 հազար տոննա միրգ ու բանջարեղեն, որոնցից 10 հազարը՝ խաղող: Այս մասին դեկտեմբերի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Գյուղատնտեսական տարին, նրա խոսքով, աննախադեպ հաջող է եղել Հայաստանում, բայց ցավոք գյուղացին չի կարողացել իրացնել իր ամբողջ բերքը, ինչն արդարացի դժգոհություն է առաջացրել: «Ընդհանուր առմամբ Հայաստանը կարող է մինչեւ 150 հազար տոննա գյուղատնտեսական ապրանք արտահանել: Հաշվի առնելով այս չափանիշները՝ ես կարծում եմ, որ եկել է նոր տնտեսական քաղաքականություն մշակելու ժամանակը: Սա այսօրվա հրամայականն է»,- շեշտել է Վազգեն Սաֆարյանը: Նա ողջունել է ՀՀ Կառավարության որոշումը՝ սահմանամերձ համանքներին հարկերից ազատելու մասին: Սակայն պետք չէ մոռանալ, որ Հայաստանի արտաքին պարտքն աստիճանաբար ավելանում է ու այդ կապակցությամբ պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել»,- հավելել է Սաֆարյանը: