Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալը լրատվամիջոցներին է ներկայացրել քաղաքացիների` հանրաքվեի իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ հաղորդումների քննարկման ընթացքը:

ՀՔԾ տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության, հանրաքվեի եւ դրան հաջորդող գործընթացների շրջանակներում քաղաքացիների հանրաքվեի իրավունքի իրացմանը խոչընդոտելու եւ այլ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերին արագ արձագանքելու, արդյունավետ եւ որակյալ քննությունն ապահովելու նպատակով Հատուկ քննչական ծառայությունում, Ծառայության պետի հրամանով դեռեւս 2015 թվականի նոյեմբերի 25-ին ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկվել են Ծառայության երկարամյա փորձ ունեցող աշխատակիցները: Անցած օրերի ընթացքում աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրվել եւ քննարկվել են ստացվող տարբեր բնույթի տեղեկատվությունը՝ ԶԼՄ-ների եւ Հասարակական կազմակերպությունների հրապարակումները, նաեւ քաղաքացիների ահազանգերն ու գրավոր դիմումները,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Մուշեղ Բաբայանը:

Վերջինս նշել է, որ գործող օրենսդրության համաձայն՝ Հատուկ քննչական ծառայության քննիչների իրավասությանն է վերապահված ընտրական գործընթացների հետ կապված ոչ բոլոր հանցագործությունների առթիվ հարուցված քրեական գործերով նախաքննության կատարումը:

Մ. Բաբայանը ներկայացնելով վիճակագրական պատկերը` ընդգծել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 14-ի դրությամբ Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից իրենց իրավասությանը օրենքով հանձնված նյութեր են նախապատրաստվել 18 հաղորդումների վերաբերյալ, որոնցից՝

-3-ի դեպքում առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակելու հիմքով հարուցվել են քրեական գործեր, 4 քրեական գործ էլ ստացվել է դատախազությունից եւ նախաքննական այլ մարմիններից: Այսպիսով` 14.12.2015թ.  դրությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվում է 7 քրեական գործեր:

-5 նյութերով քրեական գործ հարուցելը մերժվել է հանցագործության դեպքի բացակայության պատճառով,

-6 նյութերի նախապատրաստում դեռեւս ընթացքի մեջ է,

-4 հաղորդումների քննարկում հետագայում շարունակվել է այլ նյութերի եւ քրեական գործերի հետ համատեղ: