Արարատի մարզի Լուսառատ գյուղի տներից մեկում պայթյունի հետեւանքով տուժած 50-ամյա Տիգրան Սարգսյանի վիճակը միջին ծանրության է, նրան այսօր կտեղափոխեն պալատ: Այս մասին NEWS.am-ին ասացին, որ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոնից, որտեղ բուժում է ստանում տղամարդը:

Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը 1-ին եւ 2-րդ աստիճանների ջերմային այրվածքներ էր ստացել մարմնի տարբեր մասերում, այրվել էր նրա մարմնի մոտ 30 տոկոսը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լուսառատ գյուղում՝ Շիրվանզադե փողոցի 50-ամյա Տ. Ս.-ին պատկանող թիվ 35 տանը դեկտեմբերի 11-ին առանց հրդեհի բռնկման պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով տանը կից շինությունը (սառնարանային տնտեսություն 24 քմ) եւ ավտոտնակը (32 քմ) ամբողջությամբ փլուզվել են, իսկ լոգարանի, սանհանգույցի տանիքները եւ տան դիմացի ծածկը մասնակի (մոտ 24 քմ) վնասվել են, մեկ մարդ տուժել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տուժած Տիգրան Սարգսյանին տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխել էին Վեդի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել էին կայուն ծանր: