Հայաստանի իրավապահ մարմինները ստուգում են սահմանադրական հանրաքվեի ընթացքում խախտումների վերաբերյալ տեսանյութերի իսկությունը։

Դեկտեմբերի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, անդրադառնալով հարցին այն մասին, թե կարող էին արդյոք մամուլում հայտնված տեսանյութերը մոնտաժված լինել, նշել է, որ այդ հարցը ուսումնասիրվում է։

Ինչ վերաբերում է կրկնաքվեարկություններին՝ ապա Ոստիկանությունը բացառում է տարբեր փաստաթղթերով նման դեպքերի հնարավորությունը։ Ինչպես հայտնել է Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը, ինչ փաստաթղթով էլ որ քաղաքացին ներկայանա ընտրատեղամաս, ցուցակում տվյալները նույնն են։

Ոստիկանության ներկայացուցիչը հիշեցրել է, որ քաղաքացին կարող է քվեարկել անձնագրով, ID քարտով, 9-րդ ձեւով կամ զինգրքույկով։

Լրատվամիջոցներում հայտնված խորհրդավոր փաստաթուղթը Ոստիկանությունում չեն կարողացել նույնականացնել։ ԱՎՎ պետի խոսքով՝ երկրում բնակվում է հաշվառում չունեցող 270 քաղաքացի։ Նրանց կարող էին լրացուցիչ ցուցակներում ընդգրկելու մասին փաստաթուղթ տալ։ Սակայն այդ փաստաթղթով քաղաքացին կարող է քվեարկել միայն անձը  հաստատող փաստաթղթի առկայությամբ։