ՀԷՑ-ը լավ ընկերություն է եւ երկարաժամկետ ակտիվ, իսկ մեր կառավարման տակ այն ավելի լավը կդառնա։ Այս մասին ՌԲԿ-ի հետ զրույցում ասել է «Տաշիր» ընկերությունների հիմնադիր Սամվել Կարապետյանը՝ նշելով, որ ընկերությունը մոտ 220 մլն դոլարի պարտք է կուտակել, սակայն ընկերությունը գնելը բարեգործություն չէ։
Նրա խոսքով՝ ընկերությունը պարտքեր է ունեցել, իսկ ընկերության ակտիվները վաճառվել են, որպեսզի մարեն այդ պարտքերը։ «Մենք ընկերությունը ստացել ենք շատ ծանր վիճակում։ Այն վնասով էր աշխատում, բայց կսկսի շահույթ բերել։ Ընկերությունն առաջարկել են գնել «Ինտեր ՌԱՕ»-ից։ Բնականաբար առանց պարոն Կովալչուկի, նման ակտիվը չեն վաճառի։ Ակտիվի վաճառքի առաջարկով մեզ դիմել է «Ինտեր ՌԱՕ-ի» կառավարման անդամներից մեկը։ Վերջնական որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ այդ մասին խնդրեցին Հայաստանի իշխանությունները»։
Ի պատասխան այն դիտարկմանը, որ Հայաստանի վարչապետը եւ նախագահը այդ մասին նրան խնդրել էին այն բանից հետո, երբ Երեւանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցեր էին սկսվել, նա նշեց. «Այո, խնդրել են Հայաստանի իշխանությունները։ Մի կողմից մենք ուզում ենք ընկերությունը կարգի բերել, մյուս կողմից՝ հասկանում ենք, որ դա հանրապետության ռազմավարական ակտիվն է, որն ազդում է երկրում ներդրումային կլիմայի վրա։ Վստահ եմ, որ մենք կարող ենք այն փոխել»։
Միաժամանակ Կարապետյանը հրաժարվել է նշել գործարքի գումարը՝ նշելով, որ դեռ կնքման պայմանները չեն բացահայտվել, սակայն ասել է, որ պարտքի 20 տոկոսն արդեն մարվել է։
Ի պատասխան այդ դիտարկմանը, որ հայկական մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ նրա քայլը քաղաքական դրդապատճառներ ունի, որպեսզի նրա եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, կարողանա դառնալ Հայաստանի վարչապետ, Սամվել Կարապետյանը պատասխանել է. «Այդ մասին 10 տարի է՝ գրում են, իսկ նա դեռ վարչապետ չէ։ Ինչ վերաբերում է «Ինտեր ՌԱՕ»-ին, ապա դրա հետ ոչ մի կապ չունի։ ՀԷՑ-ի վաճառքը մենք դիտարկում ենք որպես բիզնեսի եւ հայրենիքի օգնության կոմպլեքս»։
Նա նաեւ նշել է, որ տարօրինակ ոչինչ չի տեսնում, որ ՀԷՑ-ը գնվել է օֆշորային ակտիվների օգնությամբ։ «Ինչ վերաբերում է ՀԷՑ-ը գնելուն, ապա իր կառուցվածքով դա շատ բարդ միջազգային գործարք էր. մենք գնում էինք «Ինտեր ՌԱՕ»-ի «դստերը»։ Գործարքի մաքրության ապահովման համար էլ դիմել ենք օֆշորի։ Մենք այդքան էլ շատ օֆշորային ընկերություններ չունենք, եւ այդ պլանում մենք միշտ աշխատում ենք օրենքի շրջանակներում։ Օֆշորում մենք մինչեւ հիմա ոչ մի ռուբլի դիվիդենտ չենք ստացել»։
Գործարարի խոսքով՝ գնվել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնեմասը։ «Համաձայնագրի կառուցվածքն այնպիսին է, որ բաժնեմասերը ստացվում են մի քանի փուլով։ Այս պահին մեզ է պատկանում արդեն ավելի քան 50 տոկոսը»։
Հարցին, թե ինչպես է նա պատրաստվում էլեկտրացանցերից եկամուտ ստանալ, քանի որ այդ շուկան շատ կարգավորված է, Կարապետյանը պատասխանել է. «Ճիշտ է, էներգետիկան շատ խոցելի բիզնես է, շատ բան է կախված ոչ միայն կարգավորողից, այլ նաեւ սպառողից։ Սակայն Հայաստանում մարդիկ էլեկտրաէներգիայի համար վճարում են կանոնավոր։ Հիմա էլեկտրաէներգիայի դիմաց բնակչության վճարումները կազմում են 99.8 տոկոս։ Մենք չենք մտածում շահույթի մասին, առնվազն առաջիկա 5 տարում այդ մասին չենք մտածելու։ Սա երկարաժամկետ ակտիվ է, ընդմիշտ»։



























