Մոլդովայի նախագահի նստավայրի մոտ ընթանում է ընդդիմադիր «Մեր կուսակցության» կողմնակիցների բողոքի ցույցը, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
Ինչպես նշվում է, ակցիայի մասնակիցները պահանջում են երկրի նախագահ Նիկոլայ Տիմոֆտիի հրաժարականը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ քաղաքի կենտրոնում ստեղծված վրանային քաղաքից երթով եկած ցուցարարներին գլխավորում է «Մեր կուսակցության» առաջնորդ Ռենատո Ուսատին:
Նախագահական նստավայրի դիմաց ավելի քան 150 ոստիկան է շարված:
Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտիի Քիշնեւից 30 կմ հեռու Կոնդրիցա գյուղում գտնվող նստավայրի մոտ ցույցը սկսվել է դեկտեմբերի 14-ի գիշերը:
Քիշնեւում ընդդիմության բողոքները սկսվել են սեպտեմբերի 25-ի գիշերը: Ազգային Մեծ Ժողովի հրապարակում բողոքի ակցիային տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել: Ակցիայի հիմնական պահանջը առեւտրական բանկերից իշխանությունների թողտվությամբ գողացված 1 մլրդ եվրոյի վերադարձն է:




























