Ռուսաստանի եւ Լատվիայի սահմանին սկսվել է պարսպի կառուցումը, որը կոչված է խոչընդոտելու ԵՄ-ի տարածք անօրինական ներգաղթյալների ներթափանցմանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Լատվիայում սկսվել է այդ պարսպի կառուցումը: Առաջին փուլում մենք  10 կմ երկարությամբ պարիսպ ենք կառուցել այն վայրերում, որոնք  տարածքի վերահսկողության համար առավել վտանգավոր եւ անհարմար են համարվում», — ասել է երկրի սահմանապահ ծառայության ղեկավար Նորմունդս Գարբարսը: 

Գարբարսի խոսքով, «այնտեղ, որտեղ արդեն կառուցվել է այդ պատնեշը, սահմանի անօրինական անցման հետքեր չեն արձանագրվել»:

Լատվիայի արեւելյան սահմանի ամրապնդման համար չորս տարվա ընթացքում ավելի քան 3 մլն եվրո կծախսեն: 2015-ի սկզբից ի վեր Ռուսաստանից երկրի տարածք է ներթափանցել մոտ 500 անօրինական աշխատող: