Վերջին օրերին Երեւանում եւ Արարատյան դաշտում դիտվող ամպամած եղանակը պայմանավորված է Արարատյան դաշտում սառը օդի լճացումով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Հանրապետության մյուս մարզերում դիտվում է պարզ եղանակ:  Իրականում ամպամածության տեսք ունեցող այս երեւույթը մառախուղ է, որը գտնվում է մթնոլորտի 1000 մետր բարձրության շարտում: Երբ Արարատյան դաշտում սառը օդը լճանում է, այն արգելում է տաք օդային զանգվածների ներթափանցումը, եւ տաք օդը շրջանցում է Արարատյան դաշտն ու բարձրանում դեպի լեռնային շրջաններ, իսկ տաք եւ սառը օդի շփման գոտում առաջանում է մառախուղ»,- ասաց Գագիկ Սուրենյանը:

Ինչ վերաբերում է առաջիկա 5 օրերին, ապա մասնագետի խոսքով եղանակային պայմանների փոփոխություններ չեն կանխատեսվում. սպասվում է առանց տեղումների եղանակ, ամպամածությունը Երեւանում եւ Արարատյան դաշտում հիմնականում  կպահպանվի:

«Երեւանում գիշերային ժամերին սպասվում է -1…-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկը  +1…+3 աստիճան տաքություն»,- ասաց Գագիկ Սուրենյանը: