Ինքնասպանության փորձ կատարած  ժամկետային զինծառայող Ռազմիկ Աբրահամյանի գործով կալանավորվել են նրա համածառայակիցները: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ քրեական գործ էր հարուցվել ՔՕ 359-րդ հոդվածի 3-րդ մասով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով): Պարտադիր ժամկետային զինծառայողներ Ա. Կարապետյանը,  Ս. Մելքոնյանը եւ Վ. Տեր-Վարդանյանը ձերբակալվել էին դեպքից հետո:

Հիշեցնենք, որ, ըստ ՔԿ տարածած հաղորդագրության, զինծառայողը նամակ է թողել հորը՝ հայտնելով, որ ինքնասպանության է դիմում համածառայակիցների պատճառով:

Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2015 թ. դեկտեմբերի 9-ին՝ ժամը 12:15-ի սահմանում, կրծքավանդակի ձախ հատվածի հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռազմիկ Նվերի Աբրահամյանը: Նույն օրը՝ ժամը 12:20-ի սահմանում, Ռ.Աբրահամյանը տեղափոխվել էր «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ, այնուհետեւ՝ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Նրա վիճակը լավ է: