Մոտ 5 հազար հոգուց բաղկացած Սիրիայի ազատ բանակի ջոկատները ներկայումս հարձակողական գործողությունների են դիմում Հոմսի, Համայի, Հալեպի եւ Ռաքքայի նահանգներում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ օտարերկրյա ռազմական կցորդներին ասել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը։
«Սիրիայի ազատ բանակի նման խմբավորումների թիվը մշտապես աճում է։ Միայն նրանց աջակցության համար ռուսական ավիացիան օրական 30-40 օդային հարված է հասցնում։ Նրանց նաեւ զինամթերք, սպառազինություն եւ նյութական օգնություն է ցուցաբերվում»,- ասել է գեներալը։
Նա նշել է, որ Սիրիայում ռուսական ուժերը հարվածներ են հասցնում միայն կառավարման կետերին, գրոհայինների հավաքատեղիներին, պահեստներին եւ ԻՊ զինյալների պատրաստման ճամբարներին։
Ահաբեկիչներին ֆինանսավորման աղբյուրներից զրկելու համար ոչնչացվում են ԻՊ վերահսկողության տակ գտնվող նավթամշակող գործարանները եւ փոխադրամիջոցները, որոնք նավթ են փոխադրում։
Գերասիմովը նշել է, որ ռուս զինվորականները պատրաստ են Սիրիայի հարցով համագործակցել ցանկացած պետության հետ։




























