Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անվավարել ճանաչել պահանջող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը երբեք չի դադարեցնելու պայքարը ու գտնելու է ժողովրդին մոբիլիզացնելու բանալին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Ազատության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց «Նոր Հայաստան»-ի քաղխորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

«Մենք երբեք մեղքը մեր ժողովրդի վրա չենք գցելու: Եթե մեզ պետք եղած չափով չի հաջողվում մոբիլիզացիա իրականացնել, նշանակում է մեր մարտավարությունում սխալներ կան: Գտնելու ենք ուղղումները, այն բանալին, որ մոբիլիզացնելու է մեր ժողովրդին: Մենք երբեք չենք դադարեցնելու, հնարավոր է՝ պաուզաներ լինեն, բայց ոչ դադարեցում»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

 Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ այսուհետ հանրահավաքները բովանդակային իմաստով կկազմակերպեն երիտասարդները, նրանք կորոշեն, թե ինչ միջոցառումներ կլինեն: