Բարոյական վնաս հասկացությունը Հայաստանի օրենսդրությունում լրջորեն կընդլայնվի: Այս մասին դեկտեմբերի 15-ին Ազգային ժողովում հայտարարեց արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը՝ ներկայացնելով Քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը:
Նրա խոսքով, այժմյան օրենսդրության մեջ բարոյական վնաս հասկացությունը ներառում է անձնական ազատության դեմ ոտնձգությունը, մահափորձը, անմարդկային վերաբերմունքը եւ անօրինական դատավարությունը:
Այսուհետ կթույլատրվի փոխհատուցում պահանջել նաեւ անձնական կամ ընտանեկան կյանքի, բնակարանի, սեփականության անձեռնմխելիությունը, մտքի, խղճի, խոսքի ազատությունը, հավաքների եւ ցույցերի իրավունքը խախտելու համար:




























