Հատուկ ծանր դեպքերում Հայաստանի դատարանները կարող են շատ մեծ բարոյական վնասի փոխհատուցում սահմանել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ԱԺ-ում հայտարարել է արդարադատության փոխնախարար Արմեն Թաթոյանը՝ ներկայացնելով Քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը:

Եթե հիմա փոխհատուցումը սահմանված է 500 հազարից մինչեւ 1 մլն դրամ՝ կախված հանցագործության ծանրությունից, ապա առաջարկվում է այն դարձնել մինչեւ 3 մլն դրամ: Ծանր հանցագործությունների դեպքում, օրինակ՝ կյանքի վտանգի, փոխհատուցման չափը թողնվում է դատարանի հայեցողությանը:

Առաջարկվում է նաեւ պարզեցնել դատաքննությունը: Հիմա այն կրկնակի է, այսինքն առաջին անգամ պետք է դիմել բարոյական փոխհատուցման չափի համար, եւ միայն երկրորդ անգամ՝ փոխհատուցման: Հիմա երկակի գործընթացը կվերացվի: