Ուկրաինայի նախագահի մամուլի խոսնակ Սվյատոսլավ Ցեգոլկոն Facebook-ի իր էջում գրել է, որ Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի եւ ՆԳ նախարար Արսեն Ավակովի միջեւ վիճաբանությունը խայտառակում է երկիրը:

«Ես տեսնում եմ, որ Արսեն Ավակովն ու Միխայիլ Սահակաշվիլին չեն համբերում մինչեւ հրապարակվի տեսանյութը: Սակայն փողոցային ոճով նման վիճաբանություններն ուղղակի խայտառակում են երկիրը»,- նշել է Ցեգոլկոն:

Նշենք, որ կողմերը պահանջել էին հրապարակել վիճաբանության տեսանյութը:

Ավակովի եւ Սահակաշվիլիի միջեւ կոնֆլիկտը ծագել էր դեկտեմբերի 14-ին կայացած Բարեփոխումների ազգային խորհրդի նիստի ժամանակ: ՆԳ նախարարի խոսքով՝ ինքը չի հանդուրժել կաշառակերության մասին Սահակաշվիլիի կողմից հնչեցրած մեղադրանքները եւ նրա դեմքին ջուր է լցրել:

Նախքան այդ Ավակովը Սահակաշվիլիից հարցրել էր, թե ինչու է նա Օդեսայի մերձնավահանգստային գործարանի սեփականաշնորհման հարցով շփվել «Ուրալխիմ»-ի ռուս օլիգարխի հետ: Ինչպես ասել է Ավակովը, Սահակաշվիլին հիստերիայի մեջ է ընկել եւ սկսել է բղավել, որ ոչ ոք իր հետ նման կերպ խոսելու իրավունք չունի: Սահակաշվիլին նախարարին կոռումպացված է անվանել:

Ավելի ուշ Սահակաշվիլին հայտնել էր, որ Ավակովն ու վարչապետ Արսենի Յացենյուկը պահանջել են, որ ինքը «կորչի» երկրից: