Հայաստանում այսօր մեկնարկել է «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից Ավստրիայի զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ: Եռամյա ծրագրի հիմնական նպատակն է ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանում օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերներին, ագրոբիզնեսներին եւ կոոպերատիվներին, ինչպես նաեւ օժանդակել օրգանական ասրտադրողների եւ վերամշակողների համար միջազգային ստանդարտներին համապատասխան հստակ եւ կայուն օրենսդրական դաշտի ստեղծմանը:

«Օրգանական գյուղատնտեսությունը մեր երկրի հեռանկարային ուղղություններից մեկն է, եւ այսօր մեկնարկող ծրագիրը միտված է նպաստել մեր երկրում այս ոլորտի զարգացմանը: Այն նպատակ ունի աջակցել ֆերմերներին, որպեսզի վերջիններս ներդրումներ կատարեն օրգանական գյուղատնտեսության ոլորտում, մեծացնեն արտադրության ծավալները, ուսումնասիրեն նոր միջազգային շուկաներ, ինչպես նաեւ ապահովեն բիո արտադրանքի առկայությունը տեղական շուկայում», - նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:

Փոխնախարարը նաեւ հավելել է, որ ծրագիրը կազմված է լինելու չորս հիմնական բաղադրիչներից` օրգանական գյուղատնտեսությանը վերաբերող օրենսդրական դաշտի բարեփոխում, դրամաշնորհների միջոցով ոլորտի  զարգացում, հասարակության լայն շրջաններում այս խնդրի շուրջ իրազեկման մակարդակի բարձրացում, ինչպես նաեւ օրգանական գյուղարտադրանքի համար արտահաման նոր շուկաների բացահայտում:

Արմեն Հարությունյանը նաեւ նշել է, որ ծրագրի իրականացման ընթացքում որպես ընդօրինակման մոդել ընդունվելու է եվրոպական երկրների փորձը, որոնք առավել առաջադեմ են համարվում օրգանական գյուղմթերքի արտադրության հարցում: 

«Մենք ուրախ ենք աջակցել «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» ծրագրին: Այն հաստատում է մեր նվիրվածությունը Հայաստանի գյուղական ոլորտին, ինչպես նաեւ ամբողջական է դարձնում արդեն իսկ առկա աջակցությունը, որը տրամադրվում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ENPARD ծրագրի շրջանակներում, որտեղ եւս մենք արդյունավետ համագործակցում ենք Ավստրիական զարգացման գործակալության հետ», - իր հերթին նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին:

Ծրագրի խոշոր բաղկացուցիչ մասերից է անմիջապես արտադրողներին եւ վերամշակողներին դրամաշնորհների տեսքով ֆինանսական աջակցության տրամադրումը: Փոքրածավալ դրամաշնորհներ կտրամադրվեն, մասնավորապես, սկսնակ ֆերմերներին, ովքեր սերտիֆիկացման համար աջակցության կարիք կունենան: Խոշոր դրամաշնորհներ կտրամադրվեն արդեն իսկ օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերներին, կոոպերատիվներին եւ վերամշակողներին արտադրողականության բարձրացման եւ շուկա մուտք գործելու հնարավորության ընդլայնման համար:

Սպառողներին եւ ֆերմերներին օրգանական գյուղատնտեսության առավելությունները եւ հավելյալ արժեքի հնարավորությունները ներկայացնելու նպատակով նախատեսվում է իրականացնել իրազեկման քարոզարշավ:

«Ավստրիան ունի օրգանական գյուղատնտեսության բազմամյա փորձ եւ այսօր գյուղատնտեսական մշակաբույսերի համար օգտագործվող հողերի գրեթե 20%-ը օրգանական են: Մենք ձգտում ենք մեր այդ փորձը փոխանցել մեր նախագծերին, որոնք աջակցում են սկսնակ ֆերմերներին բարելավել գյուղատնտեսական արտադրությունն ու մարքեթինգը: Օրգանական գյուղատնտեսությունը հնարավորություն է տալիս լավագույնս օգտագործել բնական ռեսուրսները՝ միեւնույն ժամանակ պահպանելով շրջակա միջավայրը եւ կենսաբազմազանությունը», - նշել է Ավստրիայի զարգացման գործակալության միջազգային ծրագրերի տնօրեն Ռոբերտ Զեյները: