Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի բնակիչները բողոքում են, որ նոյեմբերի 14-ի քամու  հասցրած վնասների դիմաց փոխհատուցում է ստացել միայն նրանց մի մասը:

Գյուղացիներից մեկը, որը խնդրեց իր անունը չհրապարակել, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ նախորդ օրը մարզպետարանի աշխատակիցները գնացել են գյուղապետարան, որտեղից կանչել են բնակիչներից մի քանիսին ու փոխհատուցում տվել:

«Ում  ցանկացել են, նրանց են տվել փոխհատուցում, մի 6-8 հոգի ստացել ա մոտ 15 տեսություն չի ստացել: Ընտանիք կա, որտեղ երկու զինվոր կա, հաշմանդամ մարդիկ, իրենք տանիքը պոկված է, 100 դրամ անգամ էդ ընտանիքին չեն հատկացրել, ոնց ավերակ կար, տենց մնացել ա»,- ասաց նա` նշելով, որ գյուղացիների հիմնական մասը կրել է միջինը 200 հազար դրամի վնաս: 

Ղազարավանի գյուղապետ Հայկ Ասատրյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ փոխհատուցում հատկացվել է բնակիչներից քչերին:

«Ես 40-ի անուն էի գրել, բայց 6 հոգու փոխհատուցում է եկել: Մենք էլ փոխհատուցել ենք ամենակարիքավորներին, 80 տոկոսին փոխհատուցում չի եղել»,- ասաց գյուղապետը` նշելով, որ հավելյալ փոխհատուցման մասին դեռ ոչ մի խոսք չի գնում:

Գյուղացիները, որ փոխհատուցում չեն ստացել, պատրաստվում են դիմել մարզպետին, անհրաժեշտության դեպքում` անգամ վարչապետին

Հիշեցնենք, որ ուժեղ քամին մեծ ավերածություններ է գործել հանրապետության մի քանի մարզերում: