Ազգային ժողովում, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, «ՀՀ Զինանշանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ պատգամավորներն անցան լիրիկական զեղումների: Մասնավորապես, ՀՀԿ խմբակցությունից Ռուզաննա Մուրադյանն իր ելույթում սկսեց երկար ընթերցել Նարեկացու տողերը՝ վերջում հավելելով. «ամերամեծ տիեզերական մտածողություն ունեցող Նարեկացին պիտի հորդորի այստեղ ոմանց»:

Ռուզաննա Մուրադյանի ընթերցանությունից հետո ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տեղից՝ առանց խոսափողի, խոսքն ուղղեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին՝ ասելով. «Տիկին Նաղդալյան, սա քննարկում է, այլ ոչ թե պոեզիայի ժամ»: «Ինձ էլ զարմացրեց, բայց տիկին Մուրադյանը կապել էր քննարկվող հարցի հետ»,- պատասխանեց Հերմինե Նաղդալյանը:

Դահլիճն աշխուժացավ: «Իմ կարծիքն այն է, որ պատգամավորին ընդհանրապես չի կարելի ընդհատել, թողեք 10 րոպե խոսի, սակայն եթե մեկին ընդհատում եք, մյուսին էլ ընդհատեք»,- ասաց  Փաշինյանը, ինչին Հերմինե Նաղդալյանն արձագանքեց. «Որեւէ մեկին ընդհատելը հաճելի չէ, մենք էլ չենք ձգտում որեւէ մեկին ընդհատել: Եթե ընդհատելու համար շատ ճչացող հիմք չի տրվում, աշխատում ենք ձեռնպահ մնալ նման վերաբերմունքից՝ հարգանք ունենալով պատգամավորի ու ամբիոնի նկատմամբ: Իսկ տիկին Մուրադյանը գրական զեղում թույլ տվեց իրեն, բայց նարեկացիական էր, եւ որեւէ մեկին վիրավորելու մեծ Նարեկացուն վիրավորելու մեջ դժվար է մեղադրել»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահը:

«Թող Նահապետ Քուչակ արտասաներ, կընդհատեի՞ք»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը: «Որ դուք դա անեք, հրաշալի կլինի»,- պատասխանեց Հերմինե Նաղդալյանը: