«Յունիբանկ» ԲԲԸ-ն ավարտել է տվյալների մշակման ժամանակակից կենտրոնի ստեղծման առաջին փուլը: Կենտրոնը հիմնված է հեռահաղորդակցման ոլորտում խոշորագույն ընկերություններից մեկի` Huawei-ի համալիր լուծման վրա:

Բանկից NEWS.am-ին հայտնում են, որ այն իրենից ներկայացնում է ունիվերսալ տեղեկատվական ենթակառուցվածք, որը տարբերվում է տեղեկատվության պաշտպանվածության եւ ապահովության բարձր մակարդակով:

Յունիբանկի տվյալների մշակման կենտրոնը նախատեսված է սերվերային եւ կոմունիկացիոն սարքավորումների տեղաբաշխման համար եւ կարող է պահել եւ մշակել բանկային տեղեկատվության հսկայական ծավալներ: Նախագծի իրականացման ընթացքում օգտագործվել են միջազգային չափանիշներին համապատասխան  առաջատասր տեխնիկական լուծումներ եւ տեխնոլոգիաներ, ինչը բացառում է ցանկացած խանգարումներ  բանկի տեղեկատվական համակարգերի աշխատանքում  էներգոմատակարարման   խափանման ժամանակ: Անխափան սնուցման աղբյուրները կախված չեն քաղաքային էլեկտրացանցերից եւ ապահովում են ավտոնոմ աշխատանք:

Տվյալների մշակման կենտրոնի ստեղծումն իրականացվում է մի քանի փուլերով եւ բանկից զգալի ներդրումներ է պահանջում: Յունիբանկի կենտրոնն առանձնանում է իր շարժականությամբ եւ ֆորս մաժորային իրավիճակներում կարող է  հեշտությամբ տեղափոխվել բանկի համար նախընտրելի այլ վայր: Ներկայումս Յունիբանկն իրականացնում է թեստային փորձարկումներ: Կենտրոնի աշխատանքի մեկնարկը նախատեսված է 2016թ.-ի փետրվար-մարտ ամիսներին:

«Բիզնեսի ծավալների ընդլայնմանը զուգահեռ Յունիբանկը մշտապես ակտիվ ներդրումներ է կատարել IT-ում: Մանրածախ ուղղության դինամիկ զարգացումը, բանկի մասնաճյուղային ցանցի ընդլայնումը եւ նորույթ հանդիսացող լուծումների կիրառումը ենթադրում են IT ենթակառուցվածքի ապահով աշխատանք բոլոր բիզնես գործընթացներում: Հաճախորդը պետք է վստահ լինի տվյալների անվտանգությանն ու ապահովությանը: Ահա թե ինչու մենք որոշեցինք իրականացնել տվյալների մշակման ժամանակակից կենտրոնի ստեղծման նախագիծը, հնարավորություն ստանալով  մեծ ծավալների տեղեկատվության ապահով  պահպանման եւ մշակման համար», - նշեց Վարչության նախագահի տեղակալ-Օպերացիոն սպասարկման եւ տեղեկատվական համակարգերի տնօրեն Մեսրոպ Հակոբյանը: