Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը մեմերի նոր շարքի հերոս է դարձել, տեղեկացնում է Daily Mirror-ը: Դրա առիթը եղել է Քեմերոնի պաշտոնական թվիթերում հրապարակված լուսանկարը, որում քաղաքական գործիչը դիտում է Ղազախստանի «Բայկոնուր» միջազգային տիեզերակայանից «Սոյուզ ТМА-19М» հրթիռի արձակման հեռուստատեսային հեռարձակումը: Անձնակազմում էր նաեւ բրիտանացի տիեզերագնաց Թիմ Փիքը:
Ինչպես նշում է թերթը, Միացյալ Թագավորությունը նշում է 24 տարվա ընթացքում իր առաջին տիեզերագնացի թռիչքը եւ Քեմերոնը չէր կարող չմասնակցել դրան: Պաշտոնական լուսանկարի հրապարակումից հետո դրա հիմքի վրա բազմաթիվ մեմեր են հայտնվել:
Մասնավորապես, օգտատերերը հետաքրքրվել են, թե Քեմերոնը գիտե՞` ինչպես «նորմալ նստել» բազմոցին: «Դեւիդ Քեմերոնը նման է մարդու, որը գրքում հրահանգներ է կարդացել հեռուստացույց դիտելու վերաբերյալ, սակայն այնքան էլ չի հետեւում դրանց», – գրում է մեկնաբաններից մեկը: Մեկ ուրիշն էլ ասել է, որ դա հեռուստացույց նայելու «բառացիորեն ամենաանհարմար ձեւն է»: Որոշ օգտատերերի թվացել է, որ բրիտանացի վարչապետի մամուլի ծառայությունը «երջանիկ ապրում է առանց ֆոտոշոփի աշխարհում»: Բացի այդ, մեկնաբանները հիշել են, որ սա արդեն առաջին լուսանկարը չէ, որում Քեմերոնը հեռուստացույց է դիտում, գրում է Gazeta-ն:
Մեմերի հեղինակները բազմաթիվ տարբերակներ են ներկայացրել, թե Քեմերոնն ինչ կարող էր դիտել հեռուստացույցով, օրինակ` «Աստղային պատերազմներ» սագան: Բավականին ակտիվորեն հիշատակվում է խոզերի թեման: Մասնավորապես, հեռուստաէկրանին մեմերից մեկում երեւում է Միսս Փիգգին «Մապպետ-շոուից»: Ավելի վաղ Պահպանողական կուսակցության փոխնախագահ Մայքլ Էշքրոֆթը վարչապետի «Ինձ Դեյվ կոչեք» կենսագրությունում պատմել է Օքսֆորդի համալսարանի էլիտար ակումբին Քեմերոնի ենթադրյալ անդամակցության մասին. դրան անդամակցելու ծիսակարգը սատկած խոզի գլխի օգտագործում է ենթադրում: Հետագայում այդ տեղեկությունը հերքել էին եւ «անհեթեթություն» կոչել:




























