Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում խորհրդարանի շենք հազարից ավելի զայրացած հովիվներ են ներխուժել, որոնք բողոքում են հոտը հսկող շների թվի սահմանափակման դեմ: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով ABC News-ին:

Ակցիայի մասնակիցներին հաջողվել է անցնել շենքը շրջապատած ոստիկանական պատնեշը: Իրավապահները փորձել են ամբոխին կանգնեցնել արցունքաբեր գազի օգնությամբ: Ցույցին մասնակցելու համար Բուխարեստ ավելի քան 4 հազար հովիվներ են եկել երկրի տարբեր շրջաններից:

«Մենք չենք կարող ապրել առանց շների, որոնք ոչխարներին պաշտպանում են վայրի կենդանիներից: Ուզում ենք, որ մեր իրավունքները մեզ վերադարձնեն»,- հայտարարել է ցույցի մասնակիցներից 49-ամյա Տրայան Նիկան:

Հովիվները բողոքում են վերջերս ընդունված օրենքի դեմ, որն արգելում է դեկտեմբերից մինչեւ մարտ հոտն արոտավայրեր տանել եւ սահմանափակում է այն պահպանող շների թիվը: Նոր կանոնների համաձայն, հովիվները կարող են դաշտում միայան 1 շուն պահել եւ 3-ը՝ լեռներում:

Նորամուծության կողմնակիցները կարծում են, որ այդպիսով կպաշտպանեն որսորդների որսը՝ վարազներին եւ եղջերուներին, որոնց վրա հաճախ հարձակվում են շները: