Երեւանում Բաղրամյան 26-ի դիմաց այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Բյուրեղավանի Glass World Company շշերի գործարանի մի քանի տասնյակ աշխատակիցներ, բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով իրենց 4-5 ամսվա չստացած աշխատավարձերը։ NEWS.am-ի հետ  Glass World Company-ի աշխատակիցներից տիկին Անահիտը նշեց, որ գործարանի տնօրենը աշխատակիցներին ասել է, որ մինչեւ Նոր տարի չի կարող վճարել մի քանի ամսվա կուտակված աշխատավարձը, ինչի պատճառով էլ աշխատակիցները խնդիրը բարձրաձայնել են Բաղրամյան 26-ի դիմաց։

«Նախագահականից ասացին, որ վերադառնանք Բյուրեղավան եւ տնօրենը կպատասխանի մեզ։ Տնօրենն այժմ խոստացել է մի քանի օրից կոնկրետ պատասխան տալ, չնայած այնքան էլ չենք հավատում, քանի որ դրանից առաջ էլ խոստացել էր մինչեւ դեկտեմբերի 15-ը մեր աշխատավարձը տալ, որը այդպես էլ չտվեց»,-ասաց տիկին Անահիտը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ  Glass World Company ընկերության աշխատակիցները գործարանի դիմաց պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում՝ իրենց աշխատավարձերի վճարման պահանջով: