Դիվանագետներն այլ երկրներում բացառապես դիվանագիտությամբ պետք է զբաղվեն եւ չխառնվեն տվյալ երկրի ներքին գործերին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 14-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանության արած այն հայտարարությանը, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն ընտրախախտումներ կատարածների նկատմամբ կարող է պատժամիջոցներ կիրառել:
«Կապված այն անձանց հետ, որոնք մասնակցել են ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը, պետք է ասեմ հետեւյալը՝ մշտապես կողմնակից եմ եղել, որ դիվանագիտական կորպուսի ներկայացուցինչները, այդ թվում նաեւ մեր դիվանագետները այլ երկրներում բացառապես դիվանագիտությամբ զբաղվեն, երկրի շահերը ներկայացնեն, չխառնվեն տվյալ պետության ներքին գործերին: Եթե իրենք տարբեր միջոցներով փորձեն որոշակի գործառույթներ իրականացնել, ապա դա թող բացառապես իրենց պետության շահերից բխի: ԱՄՆ դեսպանության հայտարարությունը դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում ստացված հաղորդումների հավաստի լինելուն կամ չլինելուն է վերաբերում, մեր գործընկերներն էլ են նկատել, որ սոցիալական ցանցերում, ինտերնետային լրատվամիջոցներում հայտնված հաղորդումներից շատերի իսկությունը երբ փորձվում էր պարզվել, դրանցից շատերն անբովանդակ էին»,-ասաց պատգամավորը:
Հովհաննես Սահակյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունները ամեն ինչ արել են, որ սահմանադրական հանրաքվեն օրենքի շրջանակներում անցնի՝ լինի արդար, ազատ ու թափանցիկ:
«Ամեն ինչ արվել է, որ յուրաքանչյուր քաղաքացի ազատորեն կարողանա իր կամաարտահայտությունը իրականացնել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Մենք տեսանք, որ մինչեւ հանրաքվեն, երբ կոնկրետ մեկ փաստերով հայտարարություն եղավ՝ Լեւոն Զուրաբյանի հայտարարության մասին է խոսքը, իրավական ընթացք տրվեց, որը կանխարգելիչ միջոցառում էր, որպեսզի հետագայում ընտրախախտումներ չլինեն: Նաեւ բազմաթիվ դեպքերով, եթե հաղորդման մեջ իարկանությանը համապատասխանող փաստեր կային, քրեական գործեր հարուցվեցին: Մեր իրավապահ մարմինները այս օրերին աշխատում են ընտրակեղծիքների նախաքննությամբ, բացահայտմամբ, որոնք իսկապես մեղավոր են, անպայման պատժվելու են»,-նշեց պատգամավորը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. դեկտեմբերի 14-ին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որով հորդորել էր մեծացնել ընտրական գործընթացների անաչառությունը Հայաստանում:




























