Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել են գյուղական համայնքներում ջրամատակարարման բարելավմանն ուղղված` համատեղ իրականացված հերթական ծրագիրը, որի շնորհիվ Սյունիքի մարզի Լոր համայնքն այսուհետ ապահովված կլինի 24-ժամյա ջրամատակարարմամբ: Գյուղում կառուցվել է մոտ 2 կմ երկարությամբ ջրագիծ, վերանորոգվել եւ ցանկապատվել է օրվա կարգավորման ջրամբարն (ՕԿՋ) ու ջրընդունիչը:
Ջրագծի եւ ՕԿՋ-ի գործարկման արարողությանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) թիմը, Լոր համայնքի գյուղապետ Դավիթ Առուստամյանը, համայնքի բնակիչներ:
«Սեփական փորձից գիտեմ՝ ինչ է նշանակում տանը խմելու ջուր չունենալ: Հիշողությանս մեջ 80-ականների պատերազմական Բեյրութի «կյանքի ճանապարհի» պատկերներն են. ես եւ կրտսեր եղբայրներս ջրի տարաներով զինված ամեն օր գնում էինք հարեւան թաղամասից ջուր բերելու: Կարելի է ապրել գազ, էլեկտրականություն եւ անգամ ջեռուցման պայմաններ չունեցող տանը, բայց առանց խմելու ջրի հնարավոր չէ ապրել: Ոչինչ չի կարող փոխարինել ջրին: Երջանիկ ենք կիսելու համայնքի բնակիչների՝ շուրջօրյա ջրամատակարարում ունենալու բերկրանքը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Բանաստեղծ Համո Սահյանի ծծնդավայր Լորն ունի 420 բնակիչ: Համայնքը կայուն ջրամատակարարում երբեւէ չի ունեցել: Տարիներ շարունակ բնակիչներն օգտվել են հարեւան գյուղի ջրագծից: Ամռան ամիսներին ջուրն օգտագործել են ոռոգման նպատակով, ինչի հետեւանքով Լորում ջրամատակարարում գրեթե չի եղել: Տարվա մյուս եղանակներին ջուրը մատակարարվել է ոչ կայուն պարբերականությամբ:
Սանիտարական նորմերին համապատասխան ՕԿՋ-ի բացակայության պատճառով մատակարարվող ջուրը հիմնականում օգտագործվել է ոռոգման եւ կենցաղային նպատակով: Խմելու ջուր բնակիչները ձեռք են բերել գյուղամիջյան աղբյուրից միայն:
Ջրագծի կառուցման եւ սանիտարահիգենիկ պայմանների բարելավման շնորհիվ Լորի բնակիչներն այժմ արդեն 24 ժամ շարունակ ջրամատակարարում կստանան՝ անկախ տարվա եղանակից, որը կօգտագործվի եւ՛ խմելու համար, եւ՛ ոռոգման:
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից համատեղ իրականացվող` ջրամատակարարման բարելավման նախագծի շրջանակում 2015 թվականին կայուն ջրամատակարարմամբ են ապահովվել նաեւ Լոռու մարզի Չկալով եւ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքները:




























