Հայաստանում այսօր գործում է արդարադատության համակարգ, որը չափահասների համար է, ոչ թե երեխաների: Այս մասին այսօր` դեկտեմբերի 16-ին, արդարադատության նախարարության եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ իրականացվող «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագրի շրջանակներում ստեղծված անչափահասների արդարադատության խորհրդի բացման առաջին նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

«Արդարադատության համակարգն այսօր կաշկանդող է, քանի որ համակարգը ստեղծված է անչափահասների համար, ոչ թե երեխաների համար: Օրինակ, եթե երեխան բռնության է ենթարկվում, երեխային պաշտպանելու փոխարեն անընդհատ հարցաքննում են, իսկ դա երեխային կաշկանդում է: Մեր օրերին ցանկացած երեխա կարող է հայտնվել իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, հետեւաբար պետք է արդարադատության այնպիսի համակարգ ստեղծել, որ երեխայի համար մատչելի լինի»,- ասաց Տանյա Ռադոչայը:

Նրա խոսքով` երեխաների պաշտպանությամբ պետք է զբաղվեն բոլոր կառույցները, ընդհուպ բժիշկները: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն էլ իր ելույթում նշեց, որ այս ծրագրի նպատակը երեխաների բարօրությունն է:

«Պետք է միասին խթանել եւ զարգացնել երեխաների արդարադատության խորհրդի աշխատանքի արդյունավետությունը: Չեմ ուզում, որ ձեւական կառույց լինի, մենք պետք է միասին հասնենք հաջողության»,- ասաց նախարարը:

Նշենք, որ անչափահասների արդարադատության համակարգող խորհրդի նպատակն է շահագրգիռ եւ պատասխանատու մարմինների ներգրավմամբ Հայաստանում անչափահասների արդարադատության ոլորտում ծրագրերի, ռազմավարական պլանների համատեղ, միասնական դիտարկումը եւ ամբողջական կայացումը 2016-2020թթ.:

Խորհրդի կազմում ներգրավվել են շահագրգիռ պետական եւ միջազգային մարմինների ներկայացուցիչներ: