ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի Իրաք այցելության ընթացքում քննարկվելու է աջակցությունն իրաքյան բանակին ու Իրաքի եւ Թուրքիայի հարաբերությունների ճգնաժամը, որը առաջացել է թուրք զինվորականների՝ երկրի տարածք մտնելու հետեւանքով: Այս մասին գործակալությանը հայտնել է Իրաքի պաշտոնական ներկայացուցիչ Նասիր Նուրի Մոհամեդը:

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը չորեքշաբթի չծրագրված այցով Իրաք է ժամանել: Ինչպես գրում է New York Times պարբերականը, Քարթերն իր ուղեւորության շրջանակում մտադիր է կազմակերպել բանակցություններ ամերիկյան ռազմական ղեկավարության ու իրաքյան պաշտոնատար դեմքերի միջեւ: Վերջիններիս հետ ծրագրված է քննարկել ԻՊ զինյալների դեմ պայքարում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Թե հատկապես ում հետ է հանդիպելու Քարթերը, պաշտոնապես չեն հայտնում: Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ վարչապետ Հայդեր ալ Աբադիի ու պաշտպանության նախարար Հալեդ ալ Օբեյդիի հետ հանդիպումները հետաձգվել են անբարենպաստ եղանակի պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Իրաքի պաշտպանության նախարարն առայժմ չի հանդիպել ամերիկյան գործընկերոջ հետ: Սա սովորական ուղեւորություն է, որը Պենտագոնի ղակավարն ու ամերիկյան ռազմական հրամանատարությունը կատարում են երկու հիմնական թեմաներ քննարկելու համար»,- գործակալությանը հայտնել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

«Առաջին թեման իրաքյան բանակի սպառազինումն է, սարքավորվածությունը եւ միջազգային կոալիցիայի աջակցությունն Իրաքին: Երկրորդը վերաբերում է թուրք -իրաքյան ճգնաժամին, որն առաջացել է՝ առանց կենտրոնական իշխանությունների գիտության՝ Իրաքի հյուսիս զինվորականներ մտցնելու Թուրքիայի քայլից հետո»,- ասել է Նուրի Մոհամեդը՝ նշելով, որ ԱՄՆ արդեն քայլեր է ձեռնարկվել այս հարցը լուծելու համար: