Տարեսկզբին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ՀՀ կառավարության կողմից Ուիլյամ Փարսոնսին պարգեւատրել է դեսպան Հենրի Մորգենթաուի անվան մեդալով, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):
Դեկտեմբերի 10-ի երեկոյան ՀՀ դեսպանատանը կազմակերպած պաշտոնական արարողության ժամանակ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը մրցանակը Փարսոնսին շնորհեց Հայոց ցեղասպանության մասին ուսուցման եւ մարդու իրավունքների պաշտպանության միջոցով մարդկությանն ուղղված վերջինիս բացառիկ ծառայության համար:
Ուիլյամ Փարսոնսը 25 տարի աշխատել է Միացյալ Նահանգների Հոլոքոստի հիշատակի թանգարանում (USHMM) որպես աշխատակազմի ղեկավար եւ կրթության բաժնի տնօրեն: Նախքան USHMM-ին միանալը նա համահիմնադրել է §Առերեսում պատմության եւ ինքներս մեզ հետ¦ կազմակերպությունը, որը մասնագիտացած է ուսուցիչների՝ մարդու իրավունքների կրթության վերապատրաստման ոլորտում՝ օգնելու ուսանողներին դիմակայել Ցեղասպանության եւ Հոլոքոստի դասերը եւ իմանալ հանդուրժողականության արժեքը: §Առերեսում պատմության եւ ինքներս մեզ հետ¦ կազմակերպությունը մշակել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ-ում առաջին ազգային ուսումնական ծրագիրը, որն այսօր որպես ուսումնական ձեւանմուշ է ծառայում բոլոր մանկավարժների համար:
«Ինձ համար մեծ պատիվ էր մասնակցել հայ ժողովրդի վաղեմի բարեկամի պարգեւատրմանը», - հայտարարել է Հայկական ազգային ինստիտուտի (ՀԱԻ) տնօրեն դոկտոր Ռուբեն Ադալյանը: «Հավանաբար ոչ ոք Միացյալ Նահանգներում չի արել ավելին եւ չի հասել ավելիին՝ որպես մարդու իրավունքների տեսաբան, քան Ուիլյամ Փարսոնսը», - հավելել է դոկտոր Ադալյանը:
Փարսոնսի խոսքը հասու է դարձել հազարավոր ուսուցիչների ամբողջ Միացյալ Նահանգներով եւ աշխարհով մեկ: Նա համահեղինակել է ուսուցիչների համար նախատեսված տեղեկատվական ձեռնարկը՝ «Առերեսում պատմության եւ ինքներս մեզ հետ. Հոլոքոստը եւ մարդկային վարքագիծը» խորագրով: Նա նաեւ այլ նշանավոր մանկավարժների հետ միասին խմբագրել է «Ցեղասպանության դարեր. ակնարկներ եւ ականատեսների վկայություններ» աշխատությունը, որը չորրորդ անգամ վերահրատարակվել է եւ վաճառվել տասնյակ հազարավոր տպաքանակով՝ դարձնելով այն մարդու իրավունքների եւ ցեղասպանության վերաբերյալ առավել պահանջված դասագիրքը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող խորհրդի քարտուղարը մրցանակին կից նամակ էր հղել:
«Շատ ուրախ եմ, որ Ուիլյամ Փարսոնսն արժանացավ ՀՀ կառավարության կողմից այս կարեւոր մրցանակին եւ գնահատանքին՝ Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի կրթության բնագավառում վերջինիս նորարարական ջանքերի համար», - նշեց Համագումարի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ եւ խորհրդական Արամ Գալուստյանը: «Նրա հետ hաճույքով եմ ծառայել Հայկական ազգային ինստիտուտի գիտական խորհրդում եւ միշտ կհիշեմ նրա նվիրվածությունը եւ հաստատակամությունը Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարում», - ասաց Գալուստյանը:
Լեո Սահակյանը, դեսպան Սարգսյանը, Համագումարի խորհրդի անդամ Անի Թոթահը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, արքեպիսկոպոս Վիքեն Այքազյանը եւ Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին
ՀՀ դեսպանատանը կազմակերպած ընդունելության ժամանակ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը նաեւ Մերիլենդի գործարար Բորիս Ղազարյանին վարչապետի հուշամեդալ շնորհեց:
Ի լրումն պարգեւատրման արարողությանը, դեսպան Սարգսյանը ողջունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանին Միացյալ Նահանգներում: Միրզոյանը Վաշինգտոնում էր գտնվում 3-օրյա աշխատանքային ուղեւորության շրջանակներում, որտեղ նա ելույթ է ունեցել Կոնգրեսում կազմակերպված Լեռնային Ղարաբաղի / Արցախի անկախության ամենամյա տոնակատարությանը եւ հանդիպել է ԱՄՆ պետական պաշտոնյաների, Կոնգրեսի անդամների եւ Ամերիկայի հայկական համագումարի հետ:




























