Ռուսաստանի Դաշնության խորհրդում կոչ են անում «համապարփակ» սահմանափակող միջոցներ ձեռք առնել Թուրքիայի նկատմամբ, որը հրաժարվում է Ռուսաստանին վնասի հատուցում հատկացնել կործանված Սու- 24-ի համար, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
«Վերջ, Ռուբիկոնն անցել են: Այստեղ կեսքայլերով գործը գլուխ չի գա: Մեր պատասխանը պիտի լինեն լուրջ եւ, ընդգծում եմ, համապարփակ սահմանափակող միջոցները Թուրքիայի նկատմամբ», —ասել է Դաշնության խորհրդի պաշտպանության հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանց Կլինցեւիչը:
Կլինցեւիչի կարծիքով, արդեն վաղուց պարզ էր, որ Թուրքիան չի հատուցելու ռուսական կործանված ինքնաթիռի դիմաց, ինչպես եւ ներողություն չի խնդրելու իր գործողությունների համար: Սենատորը կարծում է, որ այդ թեմայով Անկարայի հետ բանակցություններ վարելը ոչ միայն անիմաստ է, այլեւ` ստորացուցիչ:
«Այսպիսով, Թուրքիայի հետ հարաբերությունների դուռը, որը մենք նույնիսկ այս ողբերգությունից հետո երկար ժամանակ կիսաբաց էինք պահում, փակվել է: Թուրքիան ինքն է շրխկացրել այն», — ասել է նա:




























