Այն մասին, որ Ռուսաստանը դիտարկում է «մինչեւ Եփրատ հասնելու» տարբերակը, ՌԲԿ-ին պատմել է Պետդումայում ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ դռնփակ անցկացված կառավարական ժամի մասնակիցներից մեկը:
Հավանաբար, նախարարը նկատի է ունեցել ԻԼԻՊ-ի պաշտոնական մայրաքաղաքը՝ Ռաքքան, որը Եփրատի ափին է: Պետդումայի պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կոմոեդովը ՌԲԿ-ին պարզաբանել է, որ Եփրատի մասին խոսք է գնացել նախարարին ուղղված հարցին ի պատասխան, թե «որտեղ է այն պայմանական ռեյխսթագը, որը կնշանակի գործողության ավարտ»: «Ոչ մի պնդում չի եղել, դա նախարարի դիտարկումն է եղել, տարբերակներից մեկը»,- ասել է Կոմոեդովը:
Փակ խորհրդակցության ժամանակ Շոյգուն Սիրիայում ռազմական գործողության ժամկետներ չի նշել: Պատգամավորները նախարարին հարց են ուղղել Սիրիայում ցամաքային գործողության հնարավորության մասին, սակայն ՊՆ ղեկավարն այդ մասին չի խոսել: «Հարց եղավ, արդյո՞ք մենք ցամաքային գործողություն կսկսենք, եթե եվրոպացիները մտնեն այնտեղ: Նա [Շոյգուն] մոտավորապես ասաց. «Թող փորձեն»,- պատմել է աղբյուրը:
Կոմոեդովը հաստատել է, որ Շոյգուն բացառել է Սիրիայում ցամաքային գործողության անցկացումը: «Թող դա ուրիշներն անեն, մասնավորապես՝ սիրիական կառավարական բանակը: Այն պետք է հասնի մինչեւ իր տարածքի սահման, իր ուսերին տանի իր սահմանային սյունն ու այն իր տեղը դնի»,- ասել է Կոմոեդովը:




























