Հայաստանի գյուղատնտեսությունում ջրի տնտեսման փորձնական ծրագրերը հաջող էին: Դեկտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովում ներկայացնելով Ջրային օրենսգրքում ջրի պաշարների տնտեսում առաջարկող փոփոխությունների նախագիծն ու հարակից օրինագծերի փաթեթը՝ հայտարարեց բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը:

Արարատյան դաշտի որոշ տնտեսություններում, մասնավորապես՝ ստորգետնյա ջրի հիմնական սպառող ձկնային ֆերմաներում, փորձարկվել են ջրի կիսափակ շրջանառության համակարգեր: Փոխնախարարի խոսքով, դրանք թույլ են տալիս մի քանի անգամ ավելի քիչ ջուր օգտագործել:

Հեռանկարում պատասխանատու պետական մարմիններում ծրագրվում է ջրի ծախսի հեռավոր մոնիթորինգի համակարգ տեղադրել:

Ավելացվել է նաեւ ֆիզիկական մոնիթորինգի բյուջետային ֆինանսավորումը: 2013 թվականին ջրային պաշարների դիտարկման կետերը 70-ն էին, հիմա՝ 128-ը: Ֆինանսավորումն ավելացել է ավելի քան երկու անգամ՝ 19-ից հասնելով 45.5 մլն դրամի՝ 2016 թվականի համար (շուրջ 95 հազար դոլար - խմբ.):