Հայաստանի կառավարության ջանքերով 49 ստորգետնյա ջրհոր է ոչնչացվել, 41-ը՝ փակվել: Եվս 225 ջրհոր փոխանցվել է փականային ռեժիմի՝ սահմանափակ ջրառով: Դեկտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովում ներկայացնելով Ջրային օրենսգրքում ջրի պաշարների տնտեսում առաջարկող փոփոխությունների նախագիծն ու հարակից օրինագծերի փաթեթը՝ հայտարարեց բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը:

2013 թվականի սեպտեմբերին հանրապետության նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքներով Կառավարությունը նվազեցրել է ջրօգտագործման թույլտվությունների թիվը, Արարատյան դաշտում ստորգետնյա ջրերի տնտեսումը կազմել է 41.800 լ/վ: Այժմ Արարատյան դաշտի ստորգետնյա ջրհորներից ընդհանուր ջրառը կազմում է 34.000 լ/վ:

Առայժմ վաղ է խոսել ամենուր արձանագրված հաջողությունների մասին, սակայն Արարատի եւ Արմավիրի մարզերի որոշ գյուղերում, մասնավորապես՝ Ակնաշենում, Գայում, Վարդաշենում եւ Ակնալիճում, մի քանի սանտիմետրով ջրի մակարդակի բարձրացում է նկատվում: Հորերի մեծ մասը նախկինում ցայտում էին, սակայն քաոսային հորատումների պատճառով ջրի մակարդակը դրանցում նվազել է, եւ ջուրը ստիպված են լինում պոմպով քաշել: