Հայաստանի կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 17-ին, որոշում է կայացրել ֆիզկուլտուրայի եւ սպորտի բյուջետային հաստատությունների, ինչպես նաեւ բյուջեից ֆինանսավորվող սպորտային հաստատությունների աշխատակիցներին սուբսիդիաներ տրամադրելու մասին:

ֆիզկուլտուրայի եւ սպորտի բյուջետային հաստատություններում, ինչպես նաեւ բյուջեից ֆինանսավորվող սպորտային հաստատություններում աշխատող Եվրոպայի, աշխարհի, օլիմպիական խաղերի չեմպիոնները եւ նրանց մարզիչները ամեն ամիս կստանան հավելավճարներ: Մասնավորապես, օլիմպիական խաղերի չեմպիոնները կստանան ամսական 100 հազարական դրամ, նրանց մարզիչները կստանան 50 հազարական դրամ (4 տարի ժամանակով): 80 հազարական դրամ հավելավճար կստանան օլիմպիական խաղերում 2-րդ տեղը զբաղեցրած մարզիկները, իսկ նրանց մարզիչները՝ 40 հազարական դրամ (2 տարի ժամանակով): 60 հազարական դրամ կստանան օլիմպիական խաղերում 3-րդ տեղը զբաղեցնողները, իսկ նրանց մարզիչները՝ 30 հազարական դրամ (մեկ տարի ժամանակով):

Աշխարհի առաջնությունների չեմպիոններին կհատկացվի 80-հազարական դրամ հավելավճար, իսկ նրանց մարզիչներին՝ 40-հազարական դրամ (երկու տարի ժամանակով):

Եվրոպայի չեմպիոններին կտրվի 60-հազարական դրամ, իսկ նրանց մարզիչներին՝ 30-հազարական դրամ հավելավճար (մեկ տարի ժամանակով):