ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, կանոնավոր կերպով այցելում է 2 կալանավորված ադրբեջանցիներին։ Այս մասին – NEWS.am-ի թղթակցի հարցմանն իր պատասխան, ասել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության մամուլի ծառայության աշխատակից Էթերի Մուսայելյանը։

Նրա խոսքով՝  ի թիվս նրանց կալանքի պայմանների եւ նրանց նկատմամբ վերաբերմունքի մշտադիտարկման՝ այցի ժամանակ նրանց հնարավորություն է տրվում Կարմիր Խաչի ուղերձների միջոցով կապ պահպանել հարազատների հետ եւ ընտանեկան բնույթի տեղեկություններ փոխանակել։

Հիշեցնենք, որ խոսքը ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ալսկերովի եւ Շահբազ Գուլիեւի մասին է, որոնք ԼՂՀ դատարանի կողմից ազատազրկման են դատապարտվել։

Միաժամանակ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը Ժնեւ այցի ժամանակ ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերի հետ հանդիպելիս խնդրել է օգնել Ասկերովին եւ Գուլիեւին բջջային հեռախոսների միջոցով կապ հաստատել հարազատների հետ։