Ներկայումս ռուս-թուրքական հարաբերությունները կարելի է բնութագրել որպես «սառը պատերազմ»։ Այս մասին դեկտեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է օգտվել ստեղծված իրավիճակից։ «Թեպետ ռուսական օդանավը խոցելու միջադեպը իհարկե չի կարելի դրական բան համարել, սակայն Թուրքիան մեր նկատմամբ թշնամական վերաբերմունք ունի, ուստի ցանկացած խնդիր նրան շեղելու է հակահայկական քայլեր ձեռնարկելուց»,- նշել է Ոսկանյանը։

Հաշվի առնելով Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ աշխարհաքաղաքական թշնամանքը՝ բավական էր միայն մեկ դրվագ, որպեսզի փլուզվեն «լոլիկի եւ վարունգի» վրա հիմնված հարաբերությունները։ «Այդ ամենը ցույց տվեց, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում Հայաստանից բացի ուրիշ հուսալի դաշնակից չունի»,- ընդգծել է Վարդան Ոսկանյանը։