Ցմահ ազատազրկվածների մի քանի տասնյակ հարազատներ այսօր` դեկտեմբերի 17-ին, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացրին` պահանջելով իրենց զմահ ազատազրկված հարազատների գործերի վերանայում եւ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ հանդիպում: NEWS.am-ի հետ զրույցում արդեն 20 տարի ցմահ ազատազրկված Էմիլ Չիֆթչյանի մայրը` Վարսենիկ Ղազարյանը նշեց, որ մեկ ամիս առաջ արդարադատության նախարարություն ուղարկած նամակին այդպես էլ չեն պատասխանել:
«Նորից նույն պահանջով ենք դուրս եկել` պահանջում ենք մեր երեխաների գործերի վերանայում, քանի որ արդեն քանի տարի է մեր անմեղ երեխաներն անհիմն դատապարտված են»,-ասաց նա:
Ցմահ ազատազրկվածների ծնողներն իրենց հետ բերել էին «Մահապատիժը գործում է», «Պատասխանեք ցմահ հացադուլավորների պահանջին», «Որդուս դատապարտողը» գրությամբ պաստառներ:
Նշենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դեկտեմբերի 14-ից 35 ցմահ ազատազրկվածներ վերսկսել են իրենց հացադուլը` իրենց գործերի վերանայման պահանջով:




























