Ադրբեջանի իշխանությունները չեն հատի «կարմիր գիծը», քանի որ նրանց համար ռիսկերը զգալիորեն բարձր են, քան անգամ մեկ ամիս առաջ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նրա համոզմամբ, Ադրբեջանն ու Թուրքիան շահագրգռված չեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա սրմամբ: «Եթե Թուրքիայի դեպքում կարելի է հասկանալ հետագա տարաձայնություններն Սիրիայի եւ Իրաքի հարցում, ապա Կովկասը առաջնահերթ խնդիր չէ Անկարայի անվտանգության քաղաքականության մեջ: Չեմ կարծում, որ աշխարհում կա մի երկիր, որը կցանկանար միջուկային տերության հետ լարվածության գնալ»,-նշել է Մինասյանը:
Ըստ քաղաքագետի, Ադրբեջանի համար Թուրքիան հատուկ երկիր է, բայց, մյուս կողմից, Ռուսաստանը սահմանակից է: Ցանկացած լարման դեպքում, առավել եւս այս պահին, Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսելու պարագայում, հավանականությունը, որ այդ գործողությունները կզարգանան հայաստանի օգտին, զգալիորեն մեծ է, քան երբեւէ ողջ հետխորհրդային ժամանակաշրջանում:



























