Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիներում շահագործվող եւս 10 ավտոբուսներում տեղադրվել են հատուկ կարիքներով անձանց հարմարեցված վերելակներ: Ծրագրի հերթական փուլի շնորհանդեսին մասնակցել են ՀԿ-ների ղեկավարներ, նաեւ հաշմանդամություն ունեցող քաղաքացիներ: Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը նշել է, որ ավտոբուսների շահագործումից առաջ ուսումնասիրվել են շահառուների կարծիքներն ու առաջարկները: Այս նախաձեռնությունն ի սկզբանե դիտարկվել է որպես «Ավելի մատչելի Երեւան» ծրագրի մի մաս: Հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին սպասարկելու գործում կաջակցեն ավտոբուսների վարորդները, ովքեր վերելակները կիրառելու գործնական պարապմունքների են մասնակցել:
Ընտրված երթուղիները համաձայնեցվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ այն սկզբունքով, որ ծայրամասային համարվող թաղամասերում բնակվող հատուկ կարիքներով անձինք քաղաքի կենտրոն տեղափոխվելու եւ հակառակ ուղղությամբ վերադառնալու առավել հարմար հնարավորություն ունենան: Հարմարեցված ավտոբուսների կողային եւ դիմային հատվածներում առկա են համապատասխան տարբերանշաններ: Բացի այդ, ավտոբուսներում առկա է տվյալ երթուղու կարգավարական ծառայության հեռախոսահամարը, որով շահառուն կարող է տեղեկանալ տվյալ երթուղու ավտոբուսի այս կամ այն կանգառ հասնելու մոտավոր ժամի մասին:
Վերելակների աշխատանքն ու ընձեռած հնարավորությունները փորձարկած շահառուները նշել են, որ դրանք իսկապես հարմարավետ են, եւ շնորհակալություն են հայտնել իրենց նկատմամբ Երեւանի քաղաքապետարանի ցուցաբերած մշտական ուշադրության եւ հոգածության համար: Այսպիսով, հատուկ կարիքներ ունեցող, ինչպես նաեւ մանկասայլակներով անձանց տրանսպորտային տեղաշարժի համար վերելակներ ունեցող ավտոբուսների թիվը հասավ 20-ի:
Հիշեցնենք, որ 2014թ. քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ հատուկ կարիքներ ունեցող անձանց տրանսպորտային տեղաշարժն ապահովելու նպատակով վերելակներ են տեղադրվել 10 ավտոբուսներում: Ծրագիրը կշարունակվի նաեւ 2016 թվականին:




























