ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսին եւ հիշեցրել, որ ԵԽԽՎ-ում հունական պատվիրակության որոշ անդամներ ԼՂ հիմնախնդրի առնչությամբ ծավալած հակահայկական գործունեություն են իրականացրել:
«Այդ պատգամավորները, պաշտպանելով ադրբեջանական կողմի առաջադրած հակահայկական բանաձեւերը, նպաստում են Ադրբեջանի շարունակական քայլերին՝ ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը միջազգային այլ հարթակներ տեղափոխելու հարցում, ինչը վնասում է խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը»,-ասել է ԱԺ նախագահը:
Գալուստ Սահակյանը շեշտել է, որ Հայաստանի իշխանությունները ձգտում են ԼՂ խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ընդունելի ձեւաչափն է, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ ռազմական գործողությունները, սադրանքները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում:
Պանոս Կամենոսը վստահեցրել է, որ հայկական կողմի մտահոգությունները կփոխանցի Հունաստանի իշխանություններին: Նա նշել է, որ Թուրքիան հսկայական նավթադոլարներ է ներդնում հասարակական կարծիք ձեւավորելու համար:




























