Ադրբեջանը շիկացնում է մթնոլորտը ոչ միայն շփման գծում, այլեւ դիվանագիտական ճակատում: Այս մասին լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 17-ին հայտնել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով, դիվանագիտության ոլորտում պաշտոնական Բաքուն փաստորեն խեղաթյուրում է բանակցային գործընթացը ու խախտում միջազգային իրավունքը: «Ադրբեջանի դիրքորոշումը ՝ թե ուժային, թե դիվանագիտական ոլորտներում, նույնն են: Ի սկզբանե ղարաբաղյան կարգավորման հարցում Ադրբեջանը ուժային քաղաքականություն էր կիրառում, որից առայսօր չի հրաժարվել: Եվ հենց այս փաստից ելնելով էլ անհնար է որեւէ առաջխաղացում ակնկալել ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում»,- ասաց Քոչարյանը: Փոխնախարարի կարծիքով, ժամանակի ընթացքում միջազգային համայնքի մոտ պետք է հասունանա այն գիտակցությունը, որ միակ ելքը ՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչումն է:
Մեկնաբանելով այն հանգամանքը, որ վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ավեի հասցեագրված են արտահայտում իրենց դիրքորոշումները, Շավարշ Քոչարյանը ասաց՝ «Իմ կարծիքով, սա դեռ սկիզբն է: Համանախագահները միշտ ձգտում են հավասարակշռություն պահպանել, սակայն արդեն ակնհայտ է, որ առաջխաղացում կա: Իհարկե դա բավական չէ, բայցեւանպես փոփոխություններ կան: Նրանց հայտարարություններում արդեն հստակ երեւում է հասցեատերը: Ու եթե Ադրբեջանը չվերդառնա իրողություններին, ապա այս գործընթացը կխորանա»:




























