Հայաստանի իշխանություններն, իհարկե, դատապարտեցին Թուրքիայի գործողությունները, բայց առանձնապես ուժեղ չեն քննադատում Անկարային, քանի որ չեն ցանկանում լրացոցւիչ լարվածություն առաջացնել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով, մյուս կողմից, Հայաստանը Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն է եւ պետք է իր մոտեցումը ցուցաբերի:
Քաղաքագետը նկատել է, որ ի տարբերություն ՀԱՊԿ անդամ այլ երկրների, Հայաստանը որեւէ տեսակի հարաբերություն չունի Թուրքիայի հետ: «Հայաստանի համար ցանկալի չէ մարտադաշտ դառնալ ռուս-թուրքական հարաբերությունների դեպքում: Գուցե, այդ սրումն, ինչ-որ չափով փոխում է հարաբերությունները հռետորության եւ քարոզչության դաշտում, բայց իրական քաղաքականության մեջ, չեմ կարծում, որ մենք պետք է լուրջ սպասումներ ունենանք: Այն հանգամանքը, որ Հայաստանի պետական սահմանը միակ վայրն է, որտեղ ռուս սահմանապահները գտնվում են թուրքական բանակի հարեւանությամբ, մեծացնում է ՀՀ իշխանությունների պատասխանատվությունը»,-հավելել է Սերգեյ Մինասյանը:



























