Հայաստանը ցանկանում է ստանալ 88,5 մլն դոլարի վարկ Ասիական զարգացման բանկից՝ դպրոցների սեյսմիկ կայունությունը բարձրացնելու համար: Համապատասխան համաձայնության նախագիծն այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խորհրդարանում ներկայացրել է տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների փոխնախարար Արտաշես Բախշյանը:

Համաձայնագիրը, որը ստորագրվել է հոկտեմբերի 19-ին, նախատեսում է 107 մլն դոլարի չափով ֆինանսավորում առաջին փուլում: Գումարի 17,5 տոկոսը կհատկացնի կառավարությունը, մնացածը՝ Ասիական զարգացման բանկը տարբեր տարադրամներով: Վարկը կհատկացվի 25 տարի ժամկետով, 5 տարի արտոնյալ ժամկետով, 2 տոկոս տարեկան  տոկոսադրույքով:

15 տարի ժամկետով ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի մոտ 617 մլն դոլար: Այդ գումարով կվերանորոգվի կամ նորից կկառուցվի Հանրապետությունում առկա մոտ 1400 դպրոցից:377-ը: Դպրոցներն ընտրվել են ըստ սեյսմիկ ռիսկերի առաջնահերթության: Աշխատանքների ավարտին դրանք պետք է համապատասխանեն 9 բալ հզորությամբ ցնցումների անվտանգության նորմերին: Արդյունքում կապահովվի 148 հազար դպրոցականների եւ ուսուցիչների, ինչպես նաեւ դպրոցների շրջակայքում բնակվող 450 հազար մարդկանց անվտանգությունը, քանի որ վերջինները նույնպես դպրոցները կկարողանան օգտագործել՝ որպես ապաստարաններ: