Իրաքում անհայտ անձանց կողմից առեւանգված որսորդների խմբից առնվազն 9 մարդ փախել է գերությունից: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության աղբյուրներին: Գերությունից ազատվածներն այժմ Քուվեյթում են, մյուս պատանդների ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ:
Իրաքյան անվտանգության ուժերը որոնում են նրանց: Նշվում է, որ տարվա այս եղանակին Պարսից ծոցի երկրների հարուստ բնակիչները հաճախ են Իրաքում հազվագյուտ գիշատիչներ որսում:
Ըստ Gazeta-ի, ավելի վաղ Քաթարի ԱԳՆ-ն հաստատել էր Իրաքում իր երկրի քաղաքացիների առեւանգման լուրը:
Իրաքյան ոստիկանության տեղեկացմամբ, առեւանգվածների թվում նաեւ Քաթարի իշխող ընտանիքի անդամներ կան: Հաղորդագրության համաձայն, անհայտ զինված անձինք որսորդներին գերեվարել են Նաջաֆի անապատում:



























