ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Քանաքեռ-Զեյթունի տարածքային բաժնի պետ Վ.Գևորգյանը դեկտեմբերի 16-ին ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով։ Այս մասին հաղորդում է ՀՀ Քննչական կոմիտեն, որի Երևանի քննչական վարչության վարույթում է քննվում Վ.Գևորգյանի դեմ՝ ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին մասի հատկանիշներով:
Կասկածյալը հրաժարվել է ցուցմունքներ տալ:
Ըստ Քննչական կոմիտեի՝ 2015 թ.նոյեմբերի 23-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երևանի Քանաքեռ-Զեյթունի տարածքային բաժնի աշխատակիցները աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար քաղաքացուց պահանջել են կաշառք:
ՀՀ ԱԱԾ-ում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում, դատարանի որոշման հիման վրա, իրականացվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ: Մասնավորապես՝ ձայնագրառվել է քաղաքացու և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Քանաքեռ-Զեյթունի տարածքային բաժնի պետի միջև կաշառք ստանալու պայմանավորվածություն ձեռք բերելու վերաբերյալ խոսակցությունը, ապա՝ քաղաքացուն տրամադրվել հատուկ քիմիական նյութով մշակված 100.000 ՀՀ դրամ գումար, որը վերջինս փոխանցել է Վ.Գևորգյանին:
Կաշառք տալու նմանակման օպերատիվ-հետախուզական միջոցառումն ամրագրվել է համապատասխան արձանագրությամբ, համաձայն որի` հատուկ քիմիական նյութով մշակված թղթադրամները հայտնաբերվել են Վ.Գևորգյանի պայուսակում:
Դեպքի առթիվ 2015 թ. դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով:
2015 թ. դեկտեմբերի 10-ին քրեական գործն ստացվել է Երևան քաղաքի քննչական վարչություն և ընդունվել վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է:



























