Հաճելի է, որ ԱՄՆ-ում վերջապես որոշակի թերահավատություն է ձեւավորվել Ադրբեջանի հանդեպ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Նորավանք» գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին ամերիկյան վիզայի տրամադրման արգելի հնարավորության հարցին:
Նրա խոսքով, անկասկած, պետք է ողջունել սա: «Կարծում եմ՝ նրանք նույնիսկ փոքր-ինչ ուշացել են»,- նշեց Գագիկ Հարությունյանը:
Այդ պատժամիջոցների կիրառման հնարավորության մասին հարցին նա պատասխանեց. «Եթե անգամ այդ պատժամիջոցները կիրառվեն առանձին անձանց հանդեպ, մեծ ողբերգություն չի լինի Ադրբեջանի համար: Չեմ կարծում, որ նրանք կփոխեն իրենց աշխարհաքաղաքական մոտեցումները: Բայց եթե մենք այդպիսի աշխարհաքաղաքական եւ ռազմավարական փոփոխություններ նկատենք, մասնավորապես, ղարաբաղյան խնդրի լուծման հետ կապված, իհարկե, կարելի է ողջունել դա»:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ հատկապես հիմա ԱՄՆ-ն հանդես եկավ նման նախաձեռնությամբ, քաղաքագետն ընդգծեց, որ այստեղ միայն վարկածներ կարող են լինել:
«Կարծում եմ՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ մրցակցություն է սկսվել «մեծ» Մերձավոր Արեւելքում ավելի խոշոր դերի համար: Սա միայն մեկ վարկած է: որոշակի աշխարհաքաղաքական մրցակցություն է սկսվել, որը կարող է նաեւ որոշակի քաղաքական տարրեր պարունակել, մասնավորապես՝ Հայաստանի համար»,- եզրափակեց Գագիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քրիս Սմիթը դեկտեմբերի 17-ին «2015 թվականին Ադրբեջանում ժողովրդավարության մասին ակտ» է ներկայացրել: Օրինագիծը նախատեսում է արգելք սահմանել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին վիզայի տրամադրման գործընթացի վրա՝ կապված այդ երկրում մարդու իրավունքների ոլորտում սարսափելի խախտումների հետ:




























