Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը կարծում է՝ դեռ վաղ է խոսել քաղաքապետի առաջիկա ընտրություններում իր առաջադրվելու մասին, սակայն սխալ կլինի ասելը, որ չի առաջադրվելու:
«Դեռ շատ շուտ է այդ մասին խոսելը, բայց սուտ կլինի, որ ասեմ, չեմ առաջադրվելու: Դեռ 2016, 2017, 2018թթ. ծրագրեր ունենք իրականացնելու: Սովորական ընտրություններ են, թող 15-20 հոգի. ով ուզում է դնի, ժողովրդի ընտրությունն է ՝ ում կընտրեն»,- այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասել է Սամվել Բալասանյանը:
Գյումրիի քաղաքապետը այնքան հետաքրքրված չէ քաղաքապետի առաջիկա ընտրություններով, որ տեղյակ չէ անգամ, թե ովքեր են լինելու իր մրցակիցները:
«Ժամանակը կգա, կիմանանք, հիմա չգիտեմ ես իմ գործով եմ զբաղվում, օրը կգա, թող ժողովուրդը ընտրի՝ ով է ճիշտ, մաքուր, ազնիվ: Դուք գիտեք, որ ես ոչ մի անգամ մի ձայն էլ չեմ կեղծել, չկա այդպիսի բան, իմ մոտ ազնիվ ընտրություններ են եղել: Եթե ինձ չեն ընտրի, մեր ծրագրերը կփոխանցենք, իրենք կշարունակեն: Բայց կրկնում եմ` դեռ վաղ է այդ մասին խոսելը «Կիկոսի մահ»-ի պատմությունը չի, պետք չի այս պահին այդ մասին խոսել»,-ասել է Բալասանյանը՝ հավելելով, որ ժողովուրդը ընտրելիս թեկնածուի վարկանիշն է հաշվի առնում, իսկ ինքը աշխատում է հանուն իր սիրած Գյումրիի:




























