Վանաձորի Գեւորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում 2014թ. դեկտեմբերի 2–ին դանակահարության հետեւանքով վնասվածքներ ստացած` 12-րդ դասարանի աշակերտ 18-ամյա Տիգրան Գեւորգյանը 15 օր առաջ սկսել է քայլել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տիգրանի մայրը` Արմինե Ղաբուզյանը:
«Արդեն որոշ չափով կարողանում է քայլել, լիարժեք չէ, բայց վերականգնվում է: Ֆիթնեսի ենք տանում, լողի չենք ուղարկում էլ, քանի որ ցրտել է արդեն, անընդհատ իսրայելցի բժիշկների հետ կապի մեջ ենք, անալիզները ուղարկում ենք նրանց»,-ասաց Արմինե Ղաբուզյանը:
Արմինե Ղաբուզյանը նշեց, որ դեկտեմբերի 2-ին նշել են Տիգրանի «երկրորդ ծնունդը». մեկ տարի առաջ այդ օրն է Տիգրանի հետ պատահել այդ դժբախտ դեպքը, Տիգրանի կյանքը հրաշքով է փրկվել, Տիգրանը մեկ ամիս կոմայի մեջ է եղել, Տիգրանն ու նրա ընտանիքն արդեն մեկ տարի է` պայքարում են նրա լիարժեք ապաքինման համար:
2014թ. դեկտեմբերի 2-ին Վանաձորի Գեւորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ժամանակ Վանաձորի բնակիչ 18-ամյա Նարեկ Ադամյանը դանակահարել էր 17-ամյա Տիգրան Գեւորգյանը եւ 17-ամյա Ռոբերտ Պ.-ն դանակահարվել էին: Տիգրանը կրծքավանդակի ու թիկունքի շրջանում կտրող-ծակող գործիքով վնասվածք է ստացել, որից հետո էլ գլխի շրջանում ստացած հարվածներից նրա մոտ կուրություն էր առաջացել: Հետագայում Տիգրանը Իսրայելում տեսողության վերականգման կուրս է անցել, որից հետո որոշ չափով սկսել է նրա տեսողությունը վերականգնվել:
Նարեկ Ադամյանը դեպքից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ խոստովանել, որ ինքն է դանակով հարվածել Տիգրանին ու Ռոբերտին: Մայիսից Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում դանակահարության դեպքով դատաքննություն, որի ընթացքում հարցաքննվել են դպրոցի ուսուցիչները, աշակերտները:
Դատարանում ցուցմունք տալուց հրաժարվել են ամբաստանյալ Նարեկ Ադամյանի մայրն ու քույրը: Նարեկ Ադամյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասով` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով: Նա կալանավորված է:




























