Եվրամիության առաջնորդները ուրբաթ որոշում կկայացնեն, որի համաձայն՝ «Հյուսիսային հոսք» գազատարի երկրորդ հատվածը պետք է համապատասխանի մրցացության պաշտպանության եւ էներգետիկ անվտանգության ոլորտի եվրոպական օրենսդրությանը: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրների:
«Փաստաթղթի նախագծում նշվում է, որ ցանկացած նոր ենթակառուցվածքի նախագիծ պետք է ամբողջությամբ համապատասխանի էներգետիկ մատակարարումների, աղբյուրների եւ երթուղիների հարցերով ԵՄ բոլոր խնդիրներին եւ կրճատի ռուսական գազից կախվածությունը»,- գրում է գործակալությունը:
«Նոր ենթակառուցվածք ասելով՝ նկատի է առնվում «Հյուսիսային հոսք 2»-ը, չնայած ոչ ոք այդ մասին բարձրաձայն չի ասում»,- ասել է դիվանագիտական աղբյուրը՝ հավելելով, որ ընդունված փաստաթղթի՝ գործնականում կիրառման մասին որոշումը պետք է կայացնի Եվրահանձնաժողովը:
Ըստ Gazeta-ի, «Գազպրոմ»-ը եվրոպական ընկերությունների խմբի հետ սեպտեմբերին համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանից Բալթիկ ծովի հատակով Գերմանիա հասնող «Հյուսիսային հոսք»-ի երկրորդ հատվածի մասին, ինչին մի շարք երկրներ դեմ են արտահայտվել՝ պնդելով, որ այդպիսի նախագծի իրականացումը կհանգեցնի Ուկրաինայում իրավիճակի հետագա ապակայունացմանն ու Եվրամիության ճեղքմանը:




























