Ազատ եւ արդար արաբական աշխարհի մասին երազանքները գիշերային մղձավանջի են վերածվել, որովհետեւ ժամանակակից չկազմակերպված լիբերալիզմն ի վիճակի չեղավ հաղթահարել իսլամիստներին, գրում է  The Wall Street Journal-ը:

Ուղիղ հինգ տարի առաջ, դեկտեմբերի 18-ին սկսվեցին «արաբական գարնան» իրադարձությունները, երբ Թունիսում ապստամբությանը հետեւեցին բողոքները Մերձավոր Արեւելքի երկրներում: Ներկայումս իրավիճակը տարածաշրջանում  անկայուն է, ինչի հետեւանքով յուրաքանչյուր պետություն   «դժբախտ է յուրովի», գրում է Gazeta-ն:

Նշվում է, որ բողոքի շարժման թեժ պահին այլախոհները էսսեների ժողովածու են հրատարակել  «Երազանքներ արաբական գարնան մասին» վերնագրով, որտեղ նրանք նկարագրում էին իրենց կարծիքով իդեալական արաբական աշխարհը, որում կանայք եւ տղամարդիկ իրավահավասար են, աթեիստները հալածանքների չեն ենթարկվում, իսկ նույնասեռականները կարող են բացահայտորեն խոսել իրենց կողմնորոշման մասին:

Հոդվածի հեղինակը գրում է, որ ակտիվիստների երազանքներն այդպես էլ իրականություն չդարձան եւ դա մասամբ բացատրվում է նրանով, որ Արեւմուտքը թերագնահատեց իսլամիստների ազդեցությունը եւ սխալմամբ կարծում էր, թե տեղի բռնապետների տապալումը կօգնի խուսափել ծայրահեղական տրամադրությունների աճից: Պարբերականի կարծիքով, Սպիտակ տունը բավականաչափ գործողություններ չի ձեռնարկել հեղափոխությունների ելքի վրա ազդելու համար: Նման մարտավարությունը կարող է հանգեցնել նրան, որ արաբները կկորցնեն վստահությունը ԱՄՆ-ի նկատմամբ, ընդգծում է    The Wall Street Journal-ի սյունակագիրը:

Միաժամանակ արաբ ակտիվիստներն այլեւս չեն համարձակվում ապստամբել, որովհետեւ վախենում են, թե դա կարող է հանգեցնել շարիաթի տարածմանը, կանանց նկատմամբ բռնաճնշումների, ինչպես նաեւ էթնիկ եւ կրոնական զտումների: