ՀՀ կառավարության ներկայացրած 2016 թվականի բյուջեն արտացոլում է այն իրողությունը, բացասական միտումները, որոնք այսօր առկա են տարածաշրջանում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։
«Գաղտնիք չէ, որ եթե համեմատենք 2015 թվականի պետական բյուջեի հետ, 2016 թվականին բյուջեի եկամուտները 5 միլիարդով ավելի քիչ են լինելու, իսկ ծախսերը 170 միլիարդով ավել են լինելու։ Կառավարությունը որդեգրել է հետեւյալ քաղաքականությունը, հաշվի առնելով տնտեսական ծանր վիճակը՝ չի կրճատել ծախսերը, այլ ընդհակառակը թեկուզ դեֆիցիտի հաշվին որոշակի գումարներ ուղղել տնտեսության զարգացմանը»,–ասաց տնտեսագետը։
Ըստ նրա՝ 2015–ին Հայաստանում համեմատաբար տնտեսական աշխուժությունը պայմանավորված էր գյուղատնտեսական ոլորտում արձանագրված աճով ու մասամբ հանքահումքային ոլորտում արձանագրված դրական միտումներով։ «Այս երկու ոլորտներն էին, որոնցում արձանագրված բավականին շոշափելի տնտեսական աճը կոմպեսացրեց այլ ոլորտներում արձանագրված տնտեսական անկումը։ 2015 թվականին մեր տնտեսական աճը առավելապես պայմանավորված էր գյուղատնտեսության ու հանքահումքային ոլորտի արձանգրած աճով»։
ՓՄՁ ոլորտի խնդիրների հետ կապված տնտեսագետը հղում անելով պաշտոնական տվյալներին՝ նշեց. «Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2015 թվականին ավելի շատ ՓՄՁ է բացվել, քան փակվել է։ Պետական վիճակագրությունը այս ոլորտում ընկերությունների աճ է արձանագրում։ 2016 թվականին պետության աջակցությունը նույնն է լինելու, բյուջեում նախատեսված են նույն գործիքները, որոնք կիրառվել են նախորդ տարիներին՝ արտոնյալ վարկերի տրամադրում եւ որոշակի իրավաբանական հաշվապահական խորհրդատվական ծառայությունների իրականացում»,–նշեց Կառլեն Խաչատրյանը։



























